Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը եւ այլք:

Սերժ Սարգսյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաեւ խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը: