Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալել էր Ուզբեկստանին: Ընկերական այս խաղում Հայաստանը ներկայացել էր ոչ մարտական կազմով, սակայն դա չխանգարեց մեր թիմին տոնել վստահ հաղթանակ: Արդեն վեցերորդ րոպեին Հենրիկ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը։ Մրցակցի պաշտպանի անդրադարձից հետո գնդակը հայտնվեց Մխիթարյանի մոտ, որը թույլ, բայց դիպուկ հարվածով առաջ մղեց Հայաստանի հավաքականին:
Խաղի 15-րդ րոպեին Ուզբեկստանի կազմում հանդես եկող Արտյոմ Փիլիպոսյանին մրցավարը հեռացրեց Էդգար Մանուչարյանի հետ պայքարում կանոնների խախտում անելու համար: Մանուչարյանն անվրեպ իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցը: Ուզբեկները մնացին 10 հոգով, ինչն ավելի հեշտացրեց Հայաստանի հաղթանակը:
28–րդ րոպեին Լեւոն Փաչաջյանի փոխանցումից հետո Մանուչարյանը գեղեցիկ հեռահար հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը` դառնալով դուբլի հեղինակ։ Միայն խաղի 67-րդ րոպեին ուզբեկներին հաջողվեց մեկ գոլ վաստակել։ 3:1 հաշիվը պահպանվեց մինչեւ խաղի ավարտը։

























