Եվրոպայի խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, թուրք քաղաքական գործիչ Մեւլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը վարում է նաեւ Հայաստանի պատվիրակության աջակցությամբ։
Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ ԱԺ պատգամավորը, խոսելով մայիսի 20-ին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւից, նշեց, որ դա հայկական դիվանագիտության ձախողման եւ թուրք ու ադրբեջանական պատվիրակությունների իրականացրած լավ լոբբինգի արդյունք է։ Փոստանջյանն ասաց, որ այս գործում մեծ դերակատարություն է ունեցել ԵԽԽՎ նախագահ, թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր Մեւլյութ Չավուշօղլուն, իսկ այդ հարցում նրան աջակցել են հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը եւ Զոհրաբ Մնացականյանը։
«Սա այն դիվանագիտության մի մասն էր, որ իրականացնում էր Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ մտերմանալու համար»,- ասաց Փոստանջյանը։
«Ժառանգության» կուսակցության ներկայացուցչի համոզմամբ, Հայաստանի պատվիրակությունը պետք է համարժեք պատասխան տա ԵԽԽԽՎ-ում այս պատվիրակությունների կողմից իրականացվող քարոզչությանը։
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում յուրաքանչյուր պատվիրակություն նվազագույնը 16 ելույթի իրավունք ունի։
Եթե այդ ելույթներից 6-ը ներկայացնեին, թե ի՞նչ է զավթել Ադրբեջանի Հանրապետությունը եւ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, մի գուցե Թուրքիան եւ Ադրբեջանն այսպիսի հաջողություններ չունենային»,-նշեց նա։
Փոստանջյանն ասաց, որ հունիսի 21-ից 25-ը ԵԽԽՎ-ում կքննարկվի 1416 բանաձեւը, որով նշվում է, որ Հայաստանը բռնազավթող երկիր է։
«Եւ այս բռնազավթող բառի ներքո Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները գնում են բանակցությունների»,- ամփոփելով ասաց Փոստանջյանը։



























