ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բացակայում է նվազագույն վստահությունը։
«Ղարաբաղի համար Ադրբեջանի սպառնալիքներն ամենօրյա են դարձել։ Մենք սովոր ենք դրան եւ Ադրբեջանի սպառնալից հռետորաբանությունը յուրատեսակ դիրքորոշում է դարձել։ Սակայն դա ոչ մի լավ բանի չի բերի։ Հակամարտության ամբողջական կարգավորման, դրական առաջընթացի համար բացակայում է նվազագույն վստահությունը»,- հայտարարել է նա «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում։
ԱԺ նախագահի խոսքով, Ադրբեջանում բոլոր դրական փոփոխությունները եղել են առանց Լեռնային Ղարաբաղի եւ այն Բաքվի համար դարձել է չբավարարված սկզբունք։
«Ես կարծում եմ, որ եթե ադրբեջանցիներն աշխարհում ուզում են դրական իմիջ ստեղծեն, ապա պետք է հասկանան, որ Ադրբեջանի համար չի կարող լինել միջազգային հարաբերությունների մի մեխանիզմ, իսկ ուրիշ երկրների համար մեկ այլ։ Մենք ոչ մի տեղ չենք կարող փախչել միջազգային հարաբերություններում եղած այն փոփոխություններից, որոնք հանգեցրել են նոր պետությունների ստեղծմանը։ Եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր զարգացումով , ժողովրդավարական գործընթացների զարգացման արդյունքներով եւ փոխակերպմամբ մնացած չճանաչված այլ երկներից ավելի կանգնած է միջազգային ճանաչման առջեւ»,-ասաց նա։ Մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարճատեւ պատերազմի մասին լուրերը, Ղուլյանն ասաց, որ դա հակամարտության կարգավորման անհեթեթ տարբերակ է, որը հավանաբար ծագել է ինչ-որ մեկի հիվանդ ուղեղում 2008 թվականին Հարավային Օսիայում եղած իրադարձությունների ազդեցության տակ։
«Նման գաղափարների հեղինակներին հարկ է իմանալ, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունությունը խաթարելու ցանկացած փորձ կհանգեցնի ողբերգության։ Դվար է թե այն սահմանափակվի միայն մեր տարածաշրջանի սահմաններով։ Հույս ունեմ, որ սա հասկանում են բոլոր կողմերը, եւ երկրները հետաքրքված են Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ապահովմանը»- ընգծել է նա։



























