«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրաբամյանը հույս է հայտնել, որ կընդունվի մի օրենք, որը կլինի քաղաքական-հասարակական շրջանակների միջեւ հնարավորինս լայն կոնսենսուսի արդյունք։ Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի, Հայաստանում 22 հեռուստաընկերության փոխարեն պետք է լինի 18-ը, որից միայն 5-ն են լինելու ընդհանուր ուղղվածության: Դա, շատեերը համարում են «Ա1+»-ին եթեր չթողնելուն ուղղված օրինագիծ:

«Օրենքի նախագծում մի շարք խնդիրներ դեռեւս հստակեցման կարիք ունեն: Առաջին հերթին դա սպասվելիք մրցույթների հայտարարումն ու կազմակերպումն է՝ առաջադրված կոնկրետ պայմանների հիման վրա։

Երկրորդը՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչի՞ համար, ի՞նչ արտոնագրեր են տրվելու եւ ի՞նչ ընթացակարգով։ Ըստ օրինագծի՝ հեռուստառադիոհեռարձակման մասնակիցները մի քանիսն են։ Դրանք բաժանվում են տեխնիկական եւ բովանդակային մասերի։ Հեռուստառադիոընկերությունը բովանդակություն ստեղծողն է, իսկ բուն հեռարձակում իրականացնողը՝ մուլտիպլեքսատորը։ Հետեւաբար, ճիշտ կլինի որոշակիորեն սահմանել վերջինիս հետ հարաբերությունների կազմակերպման հիմքերը։ Ենթադրվում է, որ այսօր պետությունն է ապահովում, սակայն՝ հետագայում լինելու է նաեւ մասնավոր։

Բացի դա, օրենքի նախագծում հստակ սահմանված չէ, թե ի՞նչ խնդիր է լուծում պետությունը. սահմանելով բովանդակային որոշակի շրջանակ՝ սոցիալական փաթե՞թ է ապահովում, մեծացնում է մրցակցային պահանջնե՞րը, թե՞ աստիճանաբար ներդնում է բաժանորդային հեռարձակում։

Ի դեպ, անընդհատ խոսվող պետական երաշխիքի՝ „սոցիալական փաթեթի“ բաղադրիչները եւս անհրաժեշտ է հստակ սահմանել։

Կարծում եմ` կարիք կա առավել մանրամասնորեն սահմանել բաժանորդային հեռարձակման դեպքերը։ Դրանք համընդհանուր բնո՞ւյթ են կրում, թե՞ ոչ։ Այս ձեւի համար նախատեսված չեն սահմանափակումներ, ուստի պարզ չէ, թե ո՞ւմ է վերաբերում լեզվական եւ սեփական հաղորդումներ ունենալու պահանջը։

Թվայնացմանը զուգահեռ՝ ենթադրվում է, որ մեծանալու է հաճախությունների թիվը, եւ ստեղծվելու են այլընտրանքային հեռարձակման տարբերակներ։ Սակայն, դա իր մեջ պարունակում է նաեւ անվերահսկելիության ռիսկեր։ Հարցը, կարծում եմ, անհրաժեշտ է դիտարկել եւ կարգավորել ազգային անվտանգության համատեքստում։ Առաջարկում եմ նաեւ քննարկել արբանյակային հեռարձակման հնարավորությունն ազատ թողնելու հարցը»,- ասել է Հ. Աբրահամյանը, հավելելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է լինի մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ հավասար վերահսկելիության դաշտում։