Արաբական Միացյալ Էմիրությունները մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու ծրագիր է ներկայացրել, որը ենթադրում է վերականգնվող էներգիայի աղբյուրներում 163 միլիարդ դոլարի ներդրումներ, հաղորդում է Reuters-ը:

Սա ԱՄԷ-ն դարձնում է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի առաջին երկիրը, որը կլիմայական պարտավորությունների իրականացման կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս:

Պարսից ծոցի պետությունը անցած տարվա ընթացքում ներդրումներ եւ օտարերկրացիներ ներգրավելու մի քանի միջոցառում է ձեռնարկել, որոնք համընկնում են երկրի 50-ամյակի հետ եւ որոնք կօգնեն տնտեսությանը վերականգնվել COVID-19-ի համավարակի հետեւանքներից: Տնտեսական նախաձեռնությունները նաեւ տեղի են ունենում Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական մրցակցության աճի ֆոնին:

«Մենք ձգտում ենք օգտվել մեր տարածաշրջանում կլիմայի փոփոխության հարցում մեր առաջնորդությունը ամրապնդելու հնարավորությունից եւ օգտվել այս առանցքային տնտեսական հնարավորությունից` խթանելու զարգացումը, աճը եւ աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

Կառավարությունը հայտնել է, որ ԱՄԷ-ն վերջին 15 տարիների ընթացքում 40 մլրդ դոլար է ներդրել մաքուր էներգիայի ոլորտում: Նրա առաջին ատոմակայանը՝ Բարաքան, միացված է ազգային ցանցին, եւ ԱՄԷ-ն մտադիր է մինչեւ 2030 թվականը 14 ԳՎտ մաքուր էներգիա արտադրել՝ 2015-ի մոտ 100 ՄՎտ-ի համեմատ: