Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ձմռանը երկիրը «էներգետիկ ցեղասպանության» կբախվի` ռուսական գազի բարձր գների պատճառով, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:
Նա պատմեց, որ նախօրեին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ եւ անձամբ խնդրել է նրան երկարաձգել Մոլդովա գազի մատակարարման պայմանագիրը 2019 թվականի արտոնյալ պայմաններով:
«Մեր քաղաքացիները չպետք է սառեն ձմռանը»,- շեշտեց Դոդոնը:
Հոկտեմբերի 1-ին Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն հայտնեց, որ երկրի համար գազի արտոնյալ պայմանագիրը, որն ավարտվել էր սեպտեմբերի 30-ին, երկարաձգվել է մեկ ամսով, իսկ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Գազի գինը հանրապետության համար աճել է` հասնելով 790 դոլարի 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ 2021 թվականին Մոլդովայում գազի գնման միջին տարեկան գինը 200 դոլար է:
Ավելի վաղ մոլդովական «Մոլդովգազ» ընկերությունը հորդորել էր կրճատել սպառումը` գազի պայմանագրային ծավալների սղության պատճառով: Ընկերությունում դա բացատրել են «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ուշացած կնքմամբ:




























