Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի տնտեսական եւ արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսվել է Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման բանակցությունների եւ դրանց մեկնարկի չափանիշների մասին:
Քննարկվել են նաեւ Հայաստանի ֆինանսների կառավարման պետական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին Եվրամիության կողմից հնարավոր տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:
Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ քաղաքացիներին Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու գործընթացին:




























