Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահը նշել է, որ Բառոզուի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Եվրամիություն կապերը զգալի առաջընթաց են ապրել։ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված մակրոֆինանսական օժանդակության համար։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ քաղաքականությանն առնչվող հարցեր։
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է, եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի տնտեսական համագործակցության զարգացման համար։ ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ ինտենսիվ աջակցությունը` համաձայնագրի կնքման գործում հնարավորինս արագ արդյունքի հասնելու համար։




























