Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել են Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը։

Մխիթար Հերացու մեդալով է պարգեւատրվել Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը։

Անանկիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը, ՀՀ տրանսպորտ եւ կապի նախարարության կապի վարչության պետ Գեւորգ Բալոյանը, «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի էլեկտրագնացքի մեքենավար Վարդան Երանոսյանը, ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի տեխնիկական վարչության պետ Հրանտ Թադեւոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սեւադա Հայրապետյանը, Երեւանի «Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, «Մեղրի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի էքսկավատորավար Իսրայել Միրզոյանը, Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վառլամ Մկրտչյանը, «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ի հալող բանվոր Սանասար Ներկարարայանը, Երեւանի «Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի վարպետ Ռոբերտ Շավայանցը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։

Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանը, ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, պատմաբան Սուրեն Միրզոյանը եւ «Նանե» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը։