Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից Քաբուլի նվաճման ժամանակ փախել է երկրից՝ տանելով հարյուրավոր միլիարդ դոլարներ: Այս մասին Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել է պետության ղեկավարի անվտանգության ծառայության պետ Պիրազ Աթա Շարիֆին, փոխանցում է «Իզվեստիան»:

Թերթի զրուցակցի խոսքով՝ իր տրամադրության տակ է նախագահական նստավայրի տեսախցիկներից ստացված տեսագրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Աֆղանստանի կենտրոնական բանկի աշխատակիցը Հանիին խոշոր գումար փոխանցում նախքան նրա մեկնելը: Անվտանգության ծառայության ղեկավարը ենթադրել է, որ այդ միջոցները արժութային բորսայի համար են նախատեսված եղել։

Նա խոստացել է ապացույցները տրամադրել, երբ հայտնվի ապահով վայրում: Շարիֆին չի կարողացել լքել երկիրը եւ ներկայումս թաքնվում է թալիբներից: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար մեկ միլիոն աֆղանի (մոտ 11 հազար դոլար) պարգեւ են խոստանում:

Սեպտեմբերի 1-ին Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը հայտարարել է, որ երկրի նախագահը օգոստոսի 15-ին ոչ միայն փախել է՝ թողնելով իր գործընկերներին բախտի քմահաճույքին, այլ նաեւ իր հետ վերցրել է բյուջեի փողերը եւ դրանով իսկ թալանել աֆղանցի ժողովրդին:

Նա հավելել է, որ «Թալիբան»-ը իշխանությունն Աֆղանստանում հեշտությամբ զավթեց Հանիի դավաճանության պատճառով, որը հեռացրել է կառավարությունից ազնիվ պաշտոնյաներին՝ նրանց տեղերում նշանակելով անփորձ մարդկանց: