Չինական լուսնային առաքելության կողմից Երկիր առաքված կարծրացած լավայի մնացորդները միլիարդ տարով ավելի երիտասարդ են եղել, քան մի քանի տասնամյակ առաջ այլ երկրների առաքելությունների ստացած նյութերը, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի տրամադրած առաքելությունների նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ավելի քան 2,9 միլիարդ տարեկան են: Իսկ անցյալ տարվա վերջին չինական «Չանե-5» առաքելության ընթացքում ստացված նմուշները շատ ավելի երիտասարդ են` դրանք «ընդամենը» մոտ 1,96 միլիարդ տարեկան են: Կարելի է ենթադրել, որ Լուսնի վրա հրաբխային ակտիվությունը պահպանվել է ավելի երկար, քան համարվում էր նախկինում: Անցյալ տարվա դեկտեմբերին չինական անօդաչու թռչող սարքը վայրէջք էր կատարել Փոթորիկների օվկիանոսի նախկինում չայցելած հատվածում: Ավելի ուշ, լուսնային ապարների մոտ 1731գ նմուշներ էին հանվել եւ առաքվել Երկիր:
Լուսնի չինական աստվածուհու անունը կրող «Չանե-5» ապարատի հիմնական խնդիրներից մեկը արբանյակի հրաբխային գործունեության ժամկետների պարզումն է: Չինացի գիտնականները նշել են, որ Լուսնի այս տարածաշրջանում հողը «բնութագրվում է կալիումի, թորիումի եւ ուրանի բարձր կոնցենտրացիաներով։ Ջերմության մեկ այլ աղբյուր կարող է լինել, այսպես կոչված, «մակընթացային տաքացումը», որն առաջացել է Երկրի ձգողականության պատճառով:
«Չանե-5» առաքելությունը Չինաստանը դարձրել է երրորդ երկիր՝ ԱՄՆ-ից եւ ԽՍՀՄ-ից հետո, որը մեր մոլորակ է հասցրել լուսնային ապարների նմուշներ: Առաջիկա 5 տարում Չինաստանը նախատեսում է գործարկել «Չանե-6» եւ «Չանե-7» առաքելությունները, որոնք նույնպես անօդաչու են` նրանք կուսումնասիրեն Լուսնի հարավային բեւեռը:





























