Նիցցայում սանիտարական միջոցների դեմ ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական Nice-Matin թերթին:
Նշվում է, որ ցուցարարներն անցել են ոստիկանական պատնեշները եւ փորձել հասնել քաղաքի կենտրոնում գտնվող Ժան-Մեդսեն պողոտա: Ընդ որում, ուրբաթ օրն իշխանությունը հավաքներն այդ շրջանում արգելելու հրաման է արձակել։
«Անվտանգության ուժերը շաբաթ օրը կեսօրին ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել Նիցցա քաղաքի Մասսենա հրապարակում՝ ցուցարարների երթը Ժան-Մեդսեն պողոտայով կանխելու համար»,- գրում է թերթը:
Ըստ թերթի, մի քանի րոպե տեւած լարվածությունից հետո իրավիճակը հրապարակում կայունացել է: Ցուցարարները նստացույց են սկսել:
Շաբաթ օրը Ֆրանսիայի քաղաքներում հերթական անգամ բողոքի ցույցեր են անցկացվում սանիտարական անցագրերի դեմ: Օգոստոսի 9-ից սանիտարական անցագրերը պարտադիր են սրճարաններ, ռեստորաններ, խոշոր առեւտրի կենտրոններ այցելելու, ինչպես նաեւ օդային եւ միջքաղաքային գնացքներով ճանապարհորդելու համար: Փաստաթուղթը ենթադրում է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական ցիկլի անցում, կորոնավիրուսի վարակի բացասական թեստի առկայություն կամ տարած հիվանդության հաստատում:



























