Թուրքիան ղարաբաղյան խնդիրն այսօր քննարկում է բոլոր քիչ թե շատ կշիռ ունեցող երկրների հետ իր փոխհարաբերություններում եւ շփումներում՝ այս կերպ դառնալով գործընթացի ինքնուրույն եւ շահագրգիռ մասնակից։
Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Ասվածի հիմնավորում համարելով ռուս-թուրքական սերտացող հարաբերությունները՝ նա համոզմունք հայտնեց, որ դրանք կարող են վերաճել ընդհուպ մինչեւ ռազմավարական հարաբերությունների։ «Ռուս-թուրքական մերձեցումը մեզ մտածելու տեղիք պետք է տա։ Եթե Հայաստանը չվերափոխի բանակցային գործընթացի իր շեշտադրումները, ապա երկու երկրների հարաբերությունների ջերմացումը կարող է հանգեցնել նույնիսկ տարածքային կորուստների»,- նշեց Մելիքյանը՝ կրկին ընդգծելով, որ եթե Հայաստանը չփոխի իր կողմից որդեգրած արտաքին քաղաքականւթյունը, ապա կարող է կորցնել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները։
Անդրադառնալով Մադրիդյան նորացված սկզբունքներին՝ Արման Մելիքյանն ուրախալի համարեց դրանց մասով հայկական կողմի պահպանած լռությունը՝ նկատելով, որ ՀՀ իշխանությունների լռությունը կարող է դառնալ քաղաքական նոր ուղեգծի մշակման հնարավորություն։ «Ադրբեջանը եւ Թուրքիան վերջին ճիգերով փորձում են պարտադրել Հայաստանին ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները։ Բայց եթե նրանք չկարողանան անել դա հիմա, չեն կարողանա անել երբեք։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնում է այս թեման»:
Ամփոփելով ԼՂՀ նախկին արտգործնախարարը տեսակետ հայտնեց, որ Ղարաբաղը ներկայիս ստատուս-քվոն տեսանելի ապագայում կպահպանի միայն արտաքին ճիշտ քաղաքական կուրսի վարման դեպքում։ «Իսկ դա հնարավոր է միայն քաղաքական նոր իրավիճակ ձեւավորելու դեպքում՝ ազատագրված տարածքների վերաբնակեցում, ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի առաջքաշում, հարեւանների հետ հարաբերությունների լավացում»,- ավարտեց Մելիքյանը։




























