Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեռ վերջնական չի որոշել, թե ինչ ձեւով կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, սակայն կարծում է` ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցի դաշինքով:
«Այս պահին բանակցություններ են ընթանում, երեւի մի շաբաթվա ընթացքում արդեն պարզ կլինի իմ մասնակցության ձեւաչափը, ամենայն հավանականությամբ հանդես կգանք դաշինքով»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց նա:
Մամիկոն Ասլանյանը ասում է, որ ինքն արել է ամեն ինչ, որպեսզի առաջադրվի, իսկ մնացած գնահատականը կտա ժողովուրդը` ընտրությունների ժամանակ. «Մինչեւ ընտրություններն էլ օրենքի համաձայն ես եմ շարունակելու պաշտոնավարել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Վանաձորում նախատեսվում էր անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Սակայն դրանք հետաձգվեցին, քանի որ եղավ որոշում, համաձայն որի Վանաձոր համայնքը եւս պետք է խոշորացվի:
Խոշորացման արդյունքում մարզկենտրոն Վանաձորին կմիանան՝ Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքները: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:




























