ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին տարբեր երկրների ակտիվությունն այս անգամ չափազանցված է, որովհետեւ միջազգային հանրությունը գիտակցում է, որ եթե Հայաստանի վրա ճնշումներ պետք է բանեցնի, ապա պետք է բանեցնի այսօր։ Լրագրողների հետ այսօր՝ մայիսի 27-ին կայացած հանդիպմանը նման միտք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նրա խոսքով, թե՛ Հայաստանի, եւ թե՛ միջազգային հանրության համար «վերջին ճիգի պահն է, քանի որ գործադրվող ճնշումները վաղը կարող են անիմաստ լինել»։ «Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա ԼՂՀ կուսակցությունների մեծամասնությունը վարչական ռեսուրսներ են, իշխանամերձ ուժեր, այդ է պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղում շատ բան չի փոխվի»,- նկատեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ նույն այդ կուսակցությունների միջեւ դժվար է անգամ մրցակցություն նկատել։
Ավարտելով՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը շեշտեց, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Երեւանում է, եւ որ Երեւանը վաղուց պետք է սկսած լիներ ԼՂՀ ճանաչման գործընթացը։ «Մինչեւ մենք մեր գործողություններով չստիպենք այլ երկրներին դուրս գալ ղարաբաղյան հարցի հանդեպ ձեւավորված իներտ վիճակից, հետագա առաջընթացի մասին հնարավոր չէ խոսել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մայիսի 23-ին։




























