Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար մեղավորները նախկինի պես պատասխանատվության չեն ենթարկվել։ Այդ մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2010 թվականի զեկույցում:

Հայաստանի մասին զեկույցում ասված է նաեւ, որ «Հայաստանում սահմանափակվել է խոսքի ազատությունը, հարձակումներ են կատարվել լրագրողների վրա, այդպես էլ չի վերացվել քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու արգելքը, որը դրվեց 2008 թվականին արտակարգ դրության ժամանակ։ Կանանց ու աղջիկների իրավունքները բռնությունից պաշտպանելու միջոցները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Անպատժելիություն» բաժնում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ Հայաստանում ոչ մի անկախ հետաքննություն չի անցկացվել` ապացուցելու, որ ոստիկանությունը ուժ է կիրառել 2008-ի իրադարձությունների ժամանակ։

«Խոսքի ազատություն» բաժնում Amnesty International-ը անդրադառնում է Արգիշտի Կիվիրյանի գործին: Ապրիլի 30-ին անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանին։ Դեպքը կատարվել է Երեւանում` նրա տնից ոչ հեռու։ Եղած տեղեկություններով, նրան ծեծի են ենթարկել փայտերով ու կրակել են նրա վրա։ Լրատվամիջոցների ազատությունների հարցով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը իշխանություններին կոչ է արել հետաքննել միջադեպը ու մտահոգություն է հայտնել, որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը չեն հետաքննվում, ինչը նպաստում է անպատժելիության մթնոլորտին։
Amnesty International-ը նշում է, որ հաջողվել է որոշ առաջընթացի հասնել հայ — ադրբեջանական բանակցություններում։ Լեռնային Ղարաբաղը զեկույցում ներկայացվում է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում, որը մեծամասնությամբ բնակեցված է հայերով ու անջատվել է Ադրբեջանից 1990 թվականի պատերազմի արդյունքում։