Ռուսաստանում ստեղծել են նոր անօդաչու թռչող սարք։ Անօդաչուն կարող է փոխարինել հեռահար ռադիոտեղորոշման, հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռներին (ՀՌՏՀԿԻ)։ Այս մասին «Կրոնշտադտ» ԲԸ գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Դոլժենկովն ասել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կոնստրուկտորը նշել է, որ նոր անօդաչուն А-50 հեռահար ռադիոտեղորոշման, հայտնաբերման ինքնաթիռի անալոգն է։ Դոլժենկովի խոսքով՝ անօդաչուն կարող է ապահովել ռադիոտեղորոշման ծածկում առանձին շրջանում։ Սարքը նաեւ կարող է հայտնաբերել օդում գտնվող բոլոր թիրախները։

Դոլժենկովը ընդգծել է նոր անօդաչուի ինքնուրույնության բարձր մակարդակը։ Սարքը կարող է աշխատել օդաչուավոր ինքնաթիռի հետ միասին եւ ավտոմատ ռեժիմով։ «Դա բացարձակ ռոբոտ է, այդ ինքնաթիռի կառավարումն օպերատորի կողմից միայն բարձրագույն մակարդակում է։ Այն ինքնուրույն որոշում է կայացնում, կատարում է առաջադրանքը եւ հետ վերադառնում»,- նշել է Դոլժենկովը։