Ղարաբաղյան հարցի կարգավորման բանալիները ինչպես եղել, այսօր էլ գտնվում են Արցախում։ Մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը՝ ի պատասխան քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի այն հայտարարությանը, թե արցախյան հարցի լուծման բանալիները գտնվում է Երեւանում։ Ալավերդյանի համոզմամբ,հակամարտության կարգավորման բանալիներ կան նաեւ Երեւանում, սակայն Երեւանը չի օգագործում դրանք։

«Մինչեւ անգամ մեր շատերի տներն են երկու բանալիներով բացվում, ուր մնաց այդպիսի բարդ հարցը միայն մեկ բանալիով լուծվի»,-նշեց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից մայիսի 20-ին ընդունած 2216 բանաձեւին, որով Եվրոխորհրդարանը պահանջում է, որ հայկական ուժերն արագորեն լքեն ազատագրված տարածքները, Ալավերդյանն ասաց, որ այն բացասական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունների եւ վերջնական լուծման վրա։

Ալավերդյանը հավելեց, որ 2216 բանաձեւը իրավաբանական առումով անգրագետ է կազմված եւ որ այն քաղաքական է ու պարտադիր բնույթ չի կրում։