Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Թանկագին հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Մայիսի 28-ը առանձնահատուկ պատմական օր է համայն հայության համար: 92 տարի առաջ` Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից հետո, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Դարեր շարունակ դիմագրավելով տարբեր փորձությունների, կրելով աննկարագրելի զրկանքներ ու կորուստներ` մեր ժողովուրդը կրկին ուժ գտավ իր մեջ վերապրելու եւ ի լուր աշխարհի հայտարարելու իր գոյության մասին: Կրկին վերածնվեց հայի հերոսական ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ, վերականգնվեց հայոց կորսված պետականությունը: Այն դարձավ մեր հետագա հաղթանակների հիմքն ու ոգեշնչման աղբյուրը:

1918 թվականին հայ ժողովուրդը ոչ միայն չհուսալքվեց ու չբնաջնջվեց աշխարհի երեսից, այլեւ, ի հեճուկս ամեն ինչի, փայլուն հաղթանակ տարավ, որովհետեւ օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ: Դա պատմության կարեւորագույն դասն է, որը պետք է միշտ ուղեկցի մեզ:

Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը այն միակ ճիշտ ուղին է, որն ընտրել էր մեր ժողովուրդը դեռեւս 1918 թվականին, եւ որով ընթանում ենք մենք այսօր: Համոզված եմ, որ այդ երթը հաղթական կլինի հայկական երկու հանրապետությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին աշխարհի տարբեր ծայրերում եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության շարունակական զորացման եւ հայ ժողովրդի պայծառ ապագայի»: