Այն մարդիկ, ում անունները հրապարակվում են մամուլում, նրանք քաղբանտարկյալներ չեն, այլ կոնկրետ քրեական գործերով դատապարտված անձինք՝ այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետեւյալ հարցին՝ որպես նախկին քաղբանտարկյալ, միջոցներ ձեռնարկու՞մ եք, որպեսզի ազատության մեջ հայտնվեն Հայաստանի քաղբանտարկյալները։ Ռազմիկ Զոհրաբյանը միաժամանակ հավելել է, թե շատ կուզենար, որ քաղբանտարկյալները շուտ ազատ արձակվեին։ «Սակայն ճանաչել նրանց որպես քաղբանտարկյալ, ես չեմ կարող, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Այսինքն, նրանք քրեական գործերով դատապարտված են։ Այ եթե նրանք ոչ մի հանցագործություն արած չլինեին, ապա նրանք կկոչվեին քաղկալանավոր։ Այսինքն, դատապարտված կլինեին իրենց քաղաքական հայացքների համար»,-ասել նախկին քաղբանտարկյալը։ Զոհրաբյանը, սակայն, չի կարողացել ասել, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են դատապարտված 14 քաղբանտարկյալները։ NEWS.am-ը հիշեցրել է ՀՀԿ-ական գործչին, որ միջազգային կառույցների կողմից հրապարակվող փաստաթղթերում խոսվում է քաղբանտարկյալների մասին եւ այդ հանգամանքն ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ «Երբ որ պետք է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել՝ քաղկալանավոր էլ կգտնեն, փախստական էլ կգտնեն, ազգային փոքրամասնություններ էլ կգտնեն….»,-արձագանքել է նա՝ միաժամանակ խոստովանելով. «Հայաստանին ճնշում են, որ գնանք զիջումների, որպեսզի հարցը, որի շուրջ 19 տարի բանակցում ենք, վերջնականապես փակվի։ (Նկատի ունի ԼՂ հարցը-խմբ.)»։ Չե՞ք կարծում, որ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ Հայաստանի վրա ճնշում գործադրելու առիթներից մեկը կվերանա։ Այս դիտարկմանն էլ իշխանական պատգամավորն արձագանքել է. «Ես չեմ ասում, որ քաղկալանավոր չեմ ճանաչում եւ չեմ տեսնում։ Խնդրեմ, թող այդ քաղկալանավորների նկատմամբ մեղմացուցիչ միջոցներ կիրառվեն ու նրանք ազատ արձակվեն»։ NEWS.am-ի հարցին, թե ինչու Զոհրաբյանը միջնորդություն չի ներկայացնում նախագահ Սերժ Սարգսյանին՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, ՀՀԿ փոխնախագահն արձագանքել է. «Այ էդ մեկը չեմ կարող, ես նրա տեղակալն եմ ՀՀԿ-ում, թող ուրիշ կառույցներ ներկայացնեն»:
Նշենք, որ Ռազմիկ Զոհրաբյանը եղել է խորհրդային տարիներին գործող «Ազգային միացյալ կուսակցության» անդամ եւ 10 տարի ազատազրկման է դատապարտվել։




























