Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Թերրի Դեվիդսոնը հայտարարել է, թե ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում:
«Կարծում ենք՝ նախագահ Օբաման փորձառու դիվանագետի է ընտրել, ով լավ գիտի տարածաշրջանը»,- ասել է Դեվիդսոնը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքով, առայժմ չի կարելի հստակ խոսել, որ Բրայզան դեսպան կդառնա, քանի որ նրա թեկնածությունը դեռ չի հաստատվել Սենատի կողմից: «Մենք դեռ հստակ չգիտենք Սենատի կողմից նրա թեկնածությունը քննարկելու օրը, սակայն կարծում եմ՝ դա կլինի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Դեվիդսոնը:
Խոսելով ԱՄՆ դեսպանի պաշտոնը երկար ժամանակ թափուր մնալու փաստի մասին, Դեվիդսոնը նշել է, թե դա չի կարելի ԱՄՆ-ի կողմից ազդանշան համարել, քանի որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների գործընկերն է:
Բրայզայի թեկնածությունը պաշտոնապես առաջարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ մայիսի 25-ին:



























