Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը, ով նախկինում թագավորության դեսպանն էր ԱՄՆ-ում, հրապարակայնորեն կասկածի տակ է դրել նախագահ Ջո Բայդենի հավատարմությունը Ծոցի երկրներին, գրել է The National-ը։
Արքայազն Թուրքին Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ անդրադարձել է Աֆղանստանից Բայդենի հեռանալուն եւ զգուշացրել նրան չձեռնարկել քայլեր, որոնք կսահմանափակեն ԱՄՆ-ի հարաբերությունները Պարսից ծոցի խորհրդի հետ: «ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերությունները էական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար», - ասել է արքայազն Թուրքին: «Ես կոչ եմ անում պարոն Բայդենին ուշադիր կշռադատել իր ձեռնարկած բոլոր քայլերը, որոնք կարող են ազդել այս պատմական կապի վրա եւ հիմնվել դրա վրա՝ տարածաշրջանի համար անվտանգության նոր կառույց ստեղծելու համար»:
Ջոի Հուդը՝ Մերձավոր Արեւելքի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալը, ելույթ ունեցավ արքայազն Թուրքիից անմիջապես հետո՝ ընդգծելով Բայդենի վարչակազմի շարունակական աջակցությունը Պարսից ծոցի անվտանգության գործընկերներին եւ կոչ անելով «ավելի լայն ըմբռնում» ունենալ այն մասին, ինչը որակվում է որպես սպառնալիք: «Պետք է ընդգծեմ, պարզապես այն պատճառով, որ վերջին շրջանում շատ ապատեղեկատվություն է տարածվել այս մասին։ Մենք տարածաշրջանում կանոնավոր ռազմական ներկայություն ենք ունեցել ավելի քան 70 տարի: Եվ այս հիմնարար իրականությունը չի փոխվի։ Սպառնալիքների ու պայմանների փոխվելու հետ մեկտեղ մենք հարմարվում ենք իրավիճակին: Ունենք փոքր թվով մարտունակ ուժեր ողջ տարածաշրջանում, որոնք ներկայումս վերապատրաստում են անցնում եւ խորհուրդ են տալիս մեր գործընկերներին դառնալ ավելի կարող եւ ինքնաբավ»:
Փետրվարին Բայդենը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ աջակցությունը Եմենի հուսիթ ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի հարձակողական գործողություններին։ Սա ներառում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք բանակցված Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցումը:
Եվ մինչ Բայդենը սկսել է դուրս բերել ամերիկյան զորքերը եւ հակահրթիռային մարտկոցները, որոնք Թրամփը տեղակայել է Սաուդյան Արաբիայում, նա նաեւ խոստացել է շարունակել աջակցել Սաուդյան բանակի պաշտպանական գործողություններին:
Արքայազն Թուրքին չի հիշատակել Բայդենի վարչակազմի կողմից թագավորությանը ռազմական աջակցության կրճատումը, փոխարենը շեշտել է Աֆղանստանից ԱՄՆ-ի քաոսային դուրսբերումը: «Այս անհաջող փորձը Աֆղանստանում եւ մեկ այլ, ես կասեի, կիսատապալված փորձը Իրաքում պատասխանատու են Միացյալ Նահանգների եւ ամենամեծ ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ենթադրյալ ձախողման կամ պարտության համար», - ասել է նա: «Միացյալ Նահանգների եւ ընդհանուր առմամբ Արեւմուտքի դաշնակիցներն ու բարեկամները կվերանայեն եւ կվերորոշեն իրենց ապագան՝ հեռանալով գերիշխող արեւմտյան պարադիգմայից, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գերակայել է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա»:




























