Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 17 մարդու ԱՄՆ ՌԾՈւ քաղծառայողի գլխին պարկ քաշելու համար՝ ի նշան Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների քաղաքականության դեմ բողոքի, ասվում է Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ։
Ակցիայի հետեւում կանգնած խմբավորումը՝ Թուրքիայի երիտասարդական միությունը (TGB), Թվիթերում հրապարակել է միջադեպի լուսանկարները, որոնցում նրանք վանկարկել են ԱՄՆ-ի դեմ կարգախոսներ:
«Դուք մեր թշնամին եք, եւ դուք այստեղ ոչ ոքի պետք չեք։ Մենք թույլ չենք տա ամերիկացի զինվորներին ազատորեն շրջել մեր հողերում: Յանկիներ, հեռացե՛ք այստեղից»,- հայտարարել է խմբավորումը՝ քննադատելով ԱՄՆ-ի աջակցությունը YPG-ի սիրիացի քուրդ զինյալներին, հաղորդել է Reuters-ը:
17 ձերբակալվածները հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի քաղաքացիական ծառայողի վրա, ով «քաղաք է ժամանել նավահանգիստ այցելության շրջանակներում», ասվում է նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ։ Չի նշվում, թե նրանց ինչ մեղադրանք կարող է առաջադրվել։
TGB-ն նմանատիպ ակցիա է իրականացրել 2014 թվականին՝ պարկ քաշելով սեւծովյան տարածաշրջանում վարժանքներից վերադարձող ամերիկացի զինվորների գլխին։
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունները վերջին տարիներին սրվել են Սիրիայում քաղաքականության շուրջ տարաձայնությունների, Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով:





























