Չինաստանը շատ ավելի արագ է հզորացնում իր միջուկային ուժերը, քան ԱՄՆ պաշտոնյաները կանխատեսում էին ընդամենը մեկ տարի առաջ՝ ընդգծելով լայն եւ արագացող ռազմական հզորությունը, որը Պեկինին թույլ կտա մինչեւ դարի կեսը համապատասխանել կամ գերազանցել ԱՄՆ-ի համաշխարհային հզորությանը: Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ վեց տարվա ընթացքում չինական միջուկային մարտագլխիկների թիվը կարող է հասնել 700-ի, իսկ մինչեւ 2030 թվականը կարող է գերազանցել 1000-ը: Զեկույցում չի նշվել, թե որքան զենք ունի Չինաստանն այսօրվա դրությամբ, բայց Պենտագոնը հայտարարել է, որ այդ թիվը 200-ի սահմաններում է եւ, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի մինչեւ այս տասնամյակի վերջը:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն ունի 3750 միջուկային զենք եւ չի պլանավորում դրանք ավելացնել:

Պենտագոնի զեկույցում ասվում է, որ Չինաստանը մշակում է արտասահմանյան բազաների ցանց, որը «կարող է խանգարել» ԱՄՆ ռազմական գործողություններին եւ «կարող է աջակցել Չինաստանի ռազմական գործողություններին Միացյալ Նահանգների դեմ»:

Չինաստանի մարտական ռազմավարության եւ զինված ուժերի զարգացման Պենտագոնի լայնածավալ գնահատականը վերջինն է Կոնգրեսին ուղղված տարեկան զեկույցների շարքից եւ որոշ առումներով ավելի մանրամասն է, քան նախորդ տարբերակները: Օրինակ, այն կասկածի տակ է դրել կենսաբանական եւ քիմիական զենքի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի պահպանումը Չինաստանի կողմից` վկայակոչելով ռազմական բժշկական հաստատություններում կատարված հետազոտությունները, որոնցում քննարկվել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով օգտագործվող «ուժեղ թույների» խմբերի հայտնաբերումը, փորձարկումը եւ բնութագրումը: