Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը Հելոուինից հետո կտրուկ աճել է, որը երկրում մեծ շուքով նշվեց հոկտեմբերի վերջին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով` նոյեմբերի 3-ին հանրապետությունում գրանցվել է COVID-19-ի 2482 նոր դեպք։ Երկու օր անընդմեջ գրանցվել է մոտ 2.5 հազար վարակակիր, ինչը մոտ հազարով ավելի է նախորդ օրերի համեմատ։ Այս առումով առողջապահական մարմինները չեն բացառում հիվանդացության հետագա աճը։

Բացի այդ, նոյեմբերի 1-ից հանրապետությունում կարանտինային միջոցառումների մեղմացման արդյունքում դեպքերի թիվը կարող է աճել։ Մասնավորապես, գրեթե ամբողջությամբ հանվել են հանրային սննդի եւ մշակութային հաստատություններ այցելությունների եւ աշխատանքային ժամերի սահմանափակումները։

Հիվանդացության մակարդակը մայրաքաղաքային տարածաշրջանում, որն ընդգրկում է Սեուլը, Ինչհոնը եւ Կյոնգիդո նահանգը, շարունակում է գերազանցել միջին ցուցանիշը երկրում: Այդպես, նոյեմբերի 3-ին այն կազմել է վարակման հայտնաբերված դեպքերի 80.1 տոկոսը։ Հուլիսի 7-ից գրեթե չորս ամիս է՝ երկրում օրական ավելի քան հազար վարակի դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը մեկ շաբաթվա ընթացքում դեպքերի միջին թիվը կազմել է 2102՝ հոկտեմբերի 8-ից հետո առաջին անգամ գերազանցելով 2 հազարը։

Համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 373.1 հազար, մահվան դեպքերի թիվը՝ 2 916։ Երկրում մահացության մակարդակը 0.78 տոկոս է։ Դեղամիջոցի մեկ չափաբաժնով պատվաստումների մեկնարկից ի վեր պատվաստվել է երկրի բնակչության 79.7 տոկոսը, լիարժեք պատվաստված է քաղաքացիների 75.2 տոկոսը։