Ախուրյանի խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են Ախուրյանի չորս համայքնապետներ։ Ախուրյան համայքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, որը դաշնակցական է, առաջադրվել է «Երկիր Ծիրանի» և «Համերաշխություն» կուսակցությունների ձևավորած «Ախուրյան» դաշինքով։
Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը գլխավորում է «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների կազմած «Իկիլիկյան» դաշինքը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Առափի համայնքապետ Ալբերտ Ազատյանն է։
«Վերածնվող Հայաստան» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքը կգլխավորի 16 համայնքից Մարմաշենի ղեկավար Կարեն Արշակյանը։ NEWS.am-ի հետ զրույցում Արշակյանն ասաց, որ իր հաղթանակի շանսերը շատ բարձր է համարում։
«Ես բոլորի համայնքապետների հնարավորությունները բարձր եմ գնահատում, որովհետև երեքն էլ երկար տարիների աշխատողներ են եղել։ Բայց ես երբեք մեր թիմի հնարավորություններն էլ չեմ թերագնահատում։ Ես վստահ եմ իմ հաղթանակին, քանի որ ղեկավարման 4 տարիների ընթացքում շատ աշխատանքներ են կատարվել։ Կառուցվել է չորս մանկապարտեզ, հինգը պատրաստ կլինի այս տարի։ Մոտ մեկ միլիարդի շինարարությունն է կատարվել։ Ինն միավոր սեփական տեխնիկա ունի համայնքը։ Եթե 50+1 չհաղթահարենք էլ, հաստատ առաջին տեղը կունենանք»,- նշեց Կարեն Արշակյանը։
Հարցին, եթե դաշինքը հավաքի ձայների մեծամասնությունը, սակայն միանձնյա քաղաքապետ ընտրելու համար դա չբավարարի, հնարավոր է, որ կոալիցիա կազմի ավագանի անցած մյուս ուժերի հետ, Արշակյանը չբացառեց։
«Ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Պետք է սպասենք, տեսնենք՝ որ ուժերն են անցնում ավագանի։ Ամեն դեպքում, որևէ ուժի հետ չեմ բացառում կոալիցիան՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»»,- ընդգծեց Արշակյանը։
Նշենք, որ խոշորացման արդյունքում Ախուրյանի արդեն իսկ խոշորացված համայնքը բաղկացած կլինի 34 համայնքից։





























