ԱՄՆ-ը մտնում է «եռաբեւեռ պատերազմի» կոնֆիգուրացիա, որտեղ ստիպված է լինելու դիմակայել ոչ միայն Ռուսաստանին, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ էր, այլ նաեւ Չինաստանին։ Այս մասին հայտարարել է Միացյալ շտաբների պետերի ղեկավար, բանակի գեներալ Մարկ Միլին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ասպենի անվտանգության ֆորումում, փոխանցել է «Ամերիկայի ձայն»-ը։ 

Սառը պատերազմը Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ երկբեւեռ հակամարտություն անվանելով՝ Միլին ասել է, որ երկիրը մտնում է եռաբեւեռ պատերազմի կոնֆիգուրացիա, որում գերտերություններ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը:

«Եթե ավելացնեք բոլոր տեխնոլոգիաները, որոնք շատ արագ են զարգանում, ապա մուտք ենք գործում մի աշխարհ, որը ռազմավարական առումով շատ ավելի անկայուն է, քան վերջին 40-70 տարիներին»:

Նրա խոսքով՝ այսօր ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, դաշնակիցներն ու գործընկերները պետք է շատ զգույշ եւ լուրջ լինեն միմյանց հետ հետագա փոխգործակցության մեջ։ Նա ավելացրել է, որ մեծ տերությունների միջեւ համակարգված հաղորդակցությունն անհրաժեշտություն է դառնալու։

«Ազգային անվտանգության ոլորտում բազմաթիվ մարտահրավերներ կան», - ասել է նա՝ առանձնացնելով Չինաստանը։ «Մենք ականատես ենք եղել, որ երկիրը չորս տասնամյակների ընթացքում աշխարհում յոթերորդից դարձել է երկրորդ տնտեսությունը», - ասել է Միլին՝ հավելելով, որ Չինաստանն իր հարստությունը ներդնում է հզոր ռազմական ուժեր ստեղծելու մեջ:

«Քառասուն տարի առաջ դա շատ մեծ հետեւակ էր, որի հիմնական մասը գյուղացիներ էին, եւ դրանք հիմնականում ցամաքային ուժեր էին: Այսօր երկիրն ունի ներուժ տիեզերքում, կիբերտարածքում, ցամաքում, ծովում, օդում, ջրի տակ, եւ նա ակնհայտորեն մարտահրավեր է նետում մեզ տարածաշրջանային մակարդակում»:

Միլիի խոսքով՝ Չինաստանը ձգտում է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին համաշխարհային մասշտաբով:

«Նրանք դա շատ պարզ հասկացնում են», - պարզաբանել է Միլին: «Նրանք ունեն չինական երազանք, ցանկանում են վիճարկել կանոնների վրա հիմնված այսպես կոչված լիբերալ ​​կարգը, որն ի հայտ է եկել 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նրանք ցանկանում են վերանայել այն։ Այսպիսով, ունենք մի երկիր, որը դառնում է չափազանց հզոր եւ ցանկանում է վերաիմաստավորել միջազգային կարգն իր օգտին: Սա իրական մարտահրավեր է լինելու առաջիկա 10-20 տարիներին»:

Աշխարհն ականատես է գլոբալ աշխարհառազմավարական հզորության ամենամեծ տեղաշարժերից մեկին, ասել է գեներալը՝ հավելելով, որ այդ տեղաշարժը հիմնովին փոխում է պատերազմի բնույթը։

«Նախկին հիմնական նորամուծությունները եղել են ինքնաթիռների հայտնվելը, մեքենայացումն ու ռադիոյի ստեղծումը»,- պարզաբանեց նա: «Այսօր կան ռոբոտներ, արհեստական ​​բանականություն, գերճշգրիտ զենքեր եւ մի շարք այլ տեխնոլոգիաներ, որոնք ընդհանուր առմամբ հանգեցնում են պատերազմի բնույթի հիմնարար փոփոխության: Եվ եթե մենք՝ ԱՄՆ-ի զինված ուժերը, առաջիկա 10-20 տարիներին ինքներս հիմնարար փոփոխություններ չկատարենք, ապա կհայտնվենք հակամարտության սխալ կողմում»։