Ճապոնիան ակտիվացնում է ռազմական համագործակցությունը Գերմանիայի հետ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ողջունելով մոտ 20 տարվա ընթացքում առաջին գերմանական ռազմանավի մուտքը նավահանգիստ, հայտնում է AP-ն։

«Բավարիա» ռազմանավն այցելում է Տոկիո՝ Խաղաղ օվկիանոսում ճապոնական ծովային ինքնապաշտպանական ջոկատի «Սամիդարե» կործանիչի հետ երկօրյա համատեղ զորավարժություններից հետո՝ տարածաշրջանում չինական ակտիվության ֆոնին:

Նավի այցը «կարեւոր շրջադարձային կետ է» «ազատ եւ բաց Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» եւ աշխարհի ամենակարեւոր նավագնացության ուղիներից մեկի ապահովման հարցում, ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին՝ գերմանացի պաշտոնյաների հետ ֆրեգատը զննելուց հետո: «Սա վկայում է Գերմանիայի ամուր հանձնառության մասին Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ակտիվ խթանմանը», - ասաց նա:

Ռազմանավը Գերմանիայից մեկնել էր օգոստոսին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայվելու համար՝ հետեւելով եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների համանման քայլերին: Այս երկրների ռազմանավերը վերջերս համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացրեցին Արեւելյան եւ Հարավչինական ծովերում։