Գույներ, անվերնագիր պատկերներ, լավատեսություն ու հույս՝ ահա, թե ինչ է արտացոլված քաղաքագետ Արմեն Թավադյանի կտավներում, որոնք ներկայացված էին այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Երեւան» հյուրանոցի նախասրահում ցուցահանդեսում։ Այն, որ քաղաքագետը նկարում է, զարմացրել էր շատերին, իսկ նկարների աբստրակտ ոճը՝ մտածելու տեղիք տվել: Քաղաքագետը խոստովանում է՝ ինքն էլ ոչ վաղ անցյալում է բացահայտել նկարելու իր ձիրքը, թեեւ վաղուց է հետաքրքրված եղել աբստրակտ աշխատանքներով (ֆոտոռեպորտաժ):
«Փորձեցի նկարել, թեեւ համապատասխան կրթություն չունեմ: Կարծես` ստացվեց, մարդկանց էլ դուր եկան նկարներս, ու հենց դա ոգեշնչեց, որ շարունակեմ այս շարքը: Նկարել սկսել եմ հուլիսի կեսերից»,-պատմում է Թավադյանը, որի ստեղծագործություններից շատերը քնարական աբստրակցիայի ժանրում են: Քաղաքագետը նշում է՝ նկարելիս չի փորձել կենտրոնանալ պատերազմի կամ համաճարակի վրա, սակայն աշխատանքներն արտացոլել են այն հոգեվիճակը, որն ուներ տվյալ պահին, իսկ դրանցում առկա վառ գույները լավատեսության խորհրդանիշ են:
«Պատերազմը, կորոնավիրուսն այն մատահրավերներն են, որոնք պետք է հաղթահարենք, բայց ես չեմ ուզում կապել ցուցահանդեսը այդ ամենի հետ: Սա էմոցիոնալ շարք է: Կան նկարներ, որոնք շատ խիստ տարբերվում են մյուսներից` կախված տվյալ օրվա իմ տրամադրությունից»,– ասում է Թավադյանը:
Արմեն Թավադյանի նկարելու շնորհը բացահայտում էր նաեւ նրա ընկերոջ՝ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի համար: Վերջինի խոսքով՝ առաջին անգամ քաղաքագետի տաղանդի մասին իմացել է իր ծննդյան օրը, երբ նվեր է ստացել նրա աշխատանքներից մեկը.
«Սա ոչ միայն ինձ, այլեւ Արմեն Թավադյանի՝ շատ ավելի երկար տարիների ընկերների համար էր իսկական բացահայտում: Այս նկարները ծնունդն են ընտրություններից հետո ստեղծված իր հոգեվիճակի, երբ յուրաքանչյուրը փորձում էր իր պատկերացրած լուծումը գտնել, փորձել հասկանալ, թե ինչպես է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պատերազմից հետո, երբ այդ քաղաքական ճգնաժամը երկրում չլուծվեց, Արմեն Թավադյանն իր մտորումները գտավ նկարների մեջ եւ փորձեց դրանց միջոցով արտացոլել այն բոլոր անհանգստությունները, որոնք ունի մեզանից յուրաքանչյուրը»,- մեկնաբանում է նա՝ նկարների վառ գույները բնութագրելով որպես «հակասական զգացողություններ, որոնք վերջին տարվա ընթացքում կան յուրաքանչյուրիս մեջ»:
Մինչդեռ Արմեն Թավադյանը շեշտում է՝ ինքը գեղանկարիչ չէ, նկարչությունն իր համար միայն հոբբի է:
«Գուցե հեռու եմ այս ոլորտից, բայց այստեղ հրավիրված են նաեւ անվանի նկարիչներ, որոնց հետ պայմանավորվել ենք, որ նկարները նայելուց հետո կկիսվեն կարծիքներով»,– ասում է նա։
Ցուցահանդեսը կտեւի երեք օր՝ մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ:





























