Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», բողոքի ակցիա է անցկացնում Ռուսթավի բանտի մոտ, որտեղ գտնվում է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Հանրահավաքի հիմնական պահանջը արդեն 37-րդ օր բանտում գտնվող եւ հացադուլը շարունակող քաղաքական գործչին մասնավոր կլինիկա տեղափոխելն է։ Ավելի վաղ ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան հայտարարել էր, որ իրենց բողոքը լինելու է «աճող եւ մշտական», իսկ ցուցարարները «չեն ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլիին չեն փրկել»։

Ռուսթավիի բանտի անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ եւ քրեական ոստիկանության աշխատակիցներ, տեղադրվել են ցանկապատներ։

ՆԳՆ-ի հանձնարարությամբ՝ ավելի վաղ կազմակերպիչները ստիպված են եղել բեմը տեղափոխել նոր վայր՝ ՔԿՀ-ի պատերից մի փոքր հեռու։

Շատերը ազգային դրոշներով են եկել ցույցի, մյուսները պահել են «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ եւ կարմիր վարդեր՝ 2003 թվականի հեղափոխության խորհրդանիշը։ Բողոքի ակցիային միացել են քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնք տարբեր կուսակցություններ են ներկայացնում։

Քաղաքական առաջնորդների ելույթները կսկսվեն ժամը 18:00-ից հետո։

Իշխող «Վրացական երազանք»-ը պնդում է, որ Սահակաշվիլիի հացադուլը «կեղծ» է եւ ընդդիմության «ապակառուցողական ծրագրի» մաս է։ Նախօրեին արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ նախկին նախագահի վիճակը բավարար է, եւ նրա բոլոր կենսական չափորոշիչները նորմալ են։ Նրա խոսքով՝ Սահակաշվիլին օգտագործում է շիլաներ եւ բնական հյութեր, ինչպես նաեւ ընդունում է բժիշկների նշանակած դեղամիջոցները։

Մեկնաբանելով դա՝ Սահակաշվիլին իշխանություններին մեղադրել է շահարկումների մեջ եւ հայտարարել իր բողոքի ակտիվացման մասին։ Նա հրաժարվել է բժիշկների առաջարկած բոլոր սննդային հավելումներից։