Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կադրեր է տարածել՝ ի հաստատումն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հացադուլը դադարեցնելու մասին իր հայտարարության, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Տեսանյութը բաղկացած է մի քանի հատվածից։ Ըստ ամենայնի, կադրերը նկարահանվել են քրեակատարողական հիմնարկի բուժկետում։ Ըստ ժամկետների՝ խոսքը նոյեմբերի 1-ի, 2-ի եւ 3-ի մասին է։

«Ելնելով հանրային մեծ հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխայիլ Սահակաշվիլիի կողմից սննդի ընդունման փաստերի որոշ մասը։ Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է բանտարկյալ Միխայիլ Սահակաշվիլին օրվա տարբեր ժամերին սնունդ եւ բնական հյութեր ստանում»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Կադրերում երեւում է, որ նախկին նախագահը բավական նիհարել է։ Ըստ նրա համախոհների՝ Սահակաշվիլին նիհարել է մինչեւ 20 կիլոգրամով։

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է նաեւ Սահակաշվիլիի կողմից ենթադրաբար օգտագործած մթերքների լուսանկարները, ինչպիսիք են հյութերը, մանկական խյուսերը եւ սպիտակուցներով հարուստ փոշի հավելումները: Թե ինչպես են այդ ապրանքները հայտնվել բանտի բուժմասում, պարզ չէ: