Ընդդիմությունը Վրաստանի իշխանություններին 24 ժամ է տվել 37 օր առաջ հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու համար։ Այս մասին Ռուսթավիի բանտի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան, հայտնում է «Sputnik Գրուզիան»։

Մենք իշխանություններին 24 ժամ ենք տալիս Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքային կլինիկա տեղափոխելու համար, որտեղ կապահովվի նրա կյանքն ու առողջությունը։ Եթե այս պայմանը չկատարվի, ապա ժամը 20:00-ին ամբողջ Վրաստանով կհավաքվենք Ազատության հրապարակում։

Հակառակ դեպքում Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա կանցկացվի, ասոել է քաղաքական գործիչը։

Մնացած պահանջները եւ գործողությունների ծրագիրը կհրապարակվեն մայրաքաղաքի Ազատության հրապարակում, հավելել է նա։

Ռուսթավիում ցույցն ընթանում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության ֆոնին, որը մեղադրել է դրա կազմակերպիչներին իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ Ռուսթավիում եւ Թբիլիսիում մշտական ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են փակել պետական հաստատություններն ու Ռուսթավիի թիվ 12 բանտ տանող ճանապարհները։ Մասնավորապես, նրանք ցանկանում են պիկետ անցկացնել Վրաստանի խորհրդարանի, կառավարության վարչակազմի, նախագահի աշխատակազմի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարության շենքերի մոտ՝ նրանց առօրյա աշխատանքը խաթարելու համար, նշել են գերատեսչությունում։

Միխայիլ Սահակաշվիլին, որը հեռակա դատապարտվել էր իր հայրենիքում երկրի նախագահի պաշտոնում հանցագործությունների համար, սեպտեմբերի 29-ին գաղտնի ժամանել է Վրաստան, իսկ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել Թբիլիսիում։ Նույն օրը նա հացադուլ է հայտարարել։