Մեծ Բրիտանիան մտադիր է ամրապնդել իր քաղաքական եւ տնտեսական դիրքերը Հարավ-Արեւելյան Ասիայում, որն առաջիկա տասնամյակներում կլինի համաշխարհային տնտեսության աճի առանցքային խթաններից մեկը: Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասի հոդվածում, որը կիրակի հրապարակվել է Sunday Express թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ մի շարք առավել դինամիկ զարգացող երկրներ Հարավ-Արեւելյան Ասիայում՝ Մալազիա, Թաիլանդ եւ Ինդոնեզիա: Տեւական ժամանակաշրջանի ընթացքում այդպիսի երկրների հետ մեր հարաբերությունները խորության չեն հասել, սակայն այժմ ժամանակն է նոր շունչ հաղորդել դրանց»,-գրել է Բրիտանիայի ԱԳՆ-ն: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան պետք է ձեւավորի ամուր հարաբերություններ տնտեսական գերտերությունների եւ տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերնդի հետ՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Ինդոնեզիան 2050 թվականին կդառնա աշխարհում չորրորդ խոշորագույն էկոնոմիկան:

«Հաշվի առնելով, որ թվային հեղաշրջման ընթացքը միայն արագանում է կորոնավիրուսի համավարակի ընթացքում՝ մենք ցանկանում ենք միասին հավաքել համախոհներին եւ ստեղծել տեխնոլոգիական հեղափոխականների կոալիցիա: Այդկերպ մենք կարող ենք հասնել նրան, որ համաշխարհային ստանդարտների մշակումն այնպիսի ոլորտներում, ինչպես տվյալների ազատ հոսքը, կիրագործվի ազատ երկրների, այլ ոչ ավտորիտար ռեժիմների կողմից»,-ասել է Թրասը: Նա հավելել է, որ գոյություն ունեցող համագործակցությունը Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների հետ արհեստական ինտելեկտի եւ հինգերորդ սերնդի ցանցեր ստեղծելու շուրջ թույլ կտա Լոնդոնին ոչ միայն ապահովել աշխատատեղեր բրիտանացիների համար ապագայի ոլորտներում, այլ նաեւ ստեղծել առավել անվտանգ ու բարգավաճող երկիր:

Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստվում է մեծացնել ապրանքների եւ ծառայությունների մատակարարման ծավալները դեպի ասիական շուկաներ, քանի որ այդ տարածաշրջանում ընթացիկ տասնամյակի վերջում կբնակվեն աշխարհում առավել բարձր վարձատրվող մարդկանց 60 տոկոսը: «Մենք միավորվում ենք ամբողջ աշխարհում մեր ընկերների հետ, այդ թվում՝ Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերտերությունների նոր սերունդը, որպեսզի բաց չթողնենք ապագայի հնարավորությունները»,-նշել է Թրասը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում նշել են, որ Թրասի այցը Մալազիա, Թաիլանդ եւ Ինդոնեզիա կկայանա երկրների միջեւ համագործակցության խորացման ֆոնին: