Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը կրիտիկական է, իսկ մի քանի ժամ անց դա կարող է դառնել «կրիտիկականից ավելի կրիտիկական», հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, գրում է Sputnik Գրուզիա-ն:
Սաակաշվիլին հրաժարվել է դեղորաքի եւ հավելումներ ընդունելուց, ինչպես նաեւ չի ցանկանում անալիզներ հանձնել:
Բժշկի խոսքով՝ որոշ ցուցանիշներ յուրաքանչյուր ժամ վատանում են եւ իրավիճակը ներկայում կրիտակական է: Կիպշիձեն դիմել է բժիշկների կոնսիլիումին՝ խնդրելով անհապաղ հավաքվել եւ հասկանալ՝ ինչ անել:
Սաակաշվիլիի սնունդը դարձել է շաբաթ օրվա գլխավոր թեման: Նախ արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն հայտարարել էր, որ նախկին նախագահն ընդունում է սնունդ եւ ուտում շիլաներ, որից հետո հատուկ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ բանտարկյալի ընդունած խյուսն ու հյութերը սննդային հավելումներ են:
Այն մասին, որ Սաակաշվիլին չի դադարել հացադուլը, հայտարարել է նաեւ Վրաստանի ժողովրդական պաշտպանը, որը նշել է, որ բժշկի սենյակում նրա կողմից օգտագործվող ամեն ինչն անհրաժեշտ է նրա առողջությունը պահպանելու համար հացադուլի ժամանակ եւ չի նշանակում հացադուլի դադարում:
Այդ հայտարարությունների ֆոնին՝ նախկին նախագահը հայտարարել է, որ այլեւս չի ընդունի բժիշկների խորհուրդ տված հավելումները կամ վիտամինները:




























