Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ անցկացվող ակցիայի մասնակիցները պատռեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը:

«Ապօրինածին ու ապօրինի փաստաթուղթ է։ «Համահայկական ագային համաձայնությունը» նոյեմբերի 14-ին նման հայտարարություն արել է, այս ակցիան այն բանի համար է, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը ճիշտ թիրախավորեն խնդիրը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ Արցախի տարածքների վերաբերյալ որևէ բան ստորագրել»,- ասաց «Համահայկական ազգային համաձայնության» նախաձեռնության ղեկավար Արթուր Արմենը:

Նրա խոսքով, վարչապետը պետք է կանգնի դատարանի առաջ սահմանադրական կարգը խախտելու, գործող ազգային օրենսդրությունը ոտնահարելու, լիազորությունները գերազանցելու համար. «Իսկ ինչ վերաբերում է Արցախի համար սև թուղթ համարվող այս այլանդակությանը, որի ներքո երեք երկրների ղեկավարների ստորագրությունն է դրված, միջազգային օրենքի նորմերին չի համապատասխանում, ազգային օրենսդրությանը չի համապատասխանում։ Սա աղբ է, պատռեք, գցեք աղբարկղը»,- ասաց նա։