Կարծում եմ՝ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը սխալ էր։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ: Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, եւ ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»,-ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: «Եկեք դուրս գանք փողոց եւ ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի: Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ունեն փորձ, Արեւմուտքում կամ Արեւելքում կրթություն են ստացել, այսօր չեն կարող գալ իրենց տուն եւ ծառայել իրենց երկրին, քանի որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Նախարար դառնալու համար դու պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են»,-նշել է նա։
Հստակեցնող հարցին, թե ում մասին է նա խոսում, Սարգսյանը շարունակել է․ «Օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որը Բոստոնում ստեղծել է «Moderna» պատվաստանյութը, չի կարող դառնալ Հայաստանի գիտության նախարար: Դրա համար նա պետք է հրաժարվի իր ամերիկյան կամ կանադական անձնագրից, գա այստեղ եւ ապրի 4 տարի: Սակայն, եթե նա 4 տարի ապրեր Հայաստանում, ինչպե՞ս պետք է ստեղծեր «Moderna»-ն: Դրա համար սահմանադրական փոփոխությունները շատ կարեւոր նպատակ եմ համարում: Պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերի միջեւ եղած բեռլինյան պատերը»։
«Ինչպես եմ ես դա տեսնում։ Պատկերացրեք երկիր Պարսից ծոցում, որն ունի նավթ, սակայն որոշել է չօգտագործել այն։ Իսկ դա նշանակում է, որ կմնա անապատ։ Հայաստանը նման վիճակում է։ Մեր նավթը մեր մարդիկ են՝ 10-15 մլն հայեր, որոնք ապրում են դրսում, որից չենք օգտվում, միայն խնդրում ենք գումար ուղարկել բարեգործության համար։ Մի՞թե դա նորմալ է»,-նշել է Արմեն Սարգսյանը։





























