Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին անհայտ ուղղությամբ դուրս են բերել № 17 քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին հայտարարել է նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան։ Ենթադրվում է, որ նրան տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ, որը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Որոշ ժամանակ առաջ թիվ 17 քրեակատարողական հիմնարկի վրա, որտեղ պահվում էր Սահակաշվիլին, ուղղաթիռ էր հայտնվել։ Նաեւ այնտեղից դուրս են եկել երկու զրահամեքենա։ Հարազատներին եւ փաստաբաններին թույլ չեն տալիս բանտ մտնել։
Այսօր ավելի վաղ նրա անձնական բժիշկը հայտնել էր, որ առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծված բժիշկների խորհուրդը միաձայն եզրակացրել է, որ Միխայիլ Սահակաշվիլին բազմապրոֆիլ կլինիկա անհապաղ հոսպիտալացման կարիք ունի։ «Վերլուծությունների համաձայն՝ բոլոր ցուցանիշները վատթարացել են։ Նշվում է նրա վիճակի ընդհանուր վատթարացման մասին, խորհուրդը միաձայն որոշել է, որ նրան բուժման եւ ախտորոշման համար շտապ անհրաժեշտ է բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխել»,- լրագրողներին ասել է Նիկոլոզ Կիպշիձեն։





























