Պաղեստինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կկատարի իր նախընտրական խոստումը եւ շուտով կվերաբացնի Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունն Արեւելյան Երուսաղեմում։ Այս մասին երկուշաբթի Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին պաղեստինա-իսրայելական կարգավորման շուրջ իրավիճակի քննարկումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ​​դիտորդ Ռիադ Մանսուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ խոստացել էին, որ Արեւելյան Երուսաղեմում ամերիկյան հյուպատոսությունը կվերաբացվի։ Մենք կցանկանայինք, որ դա անմիջապես տեղի ունենա։ Ինչքան հետաձգվի դրա բացումը, այնքան քաղաքական գինն արդյունքում ավելի բարձր կլինի։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շատ շուտով»,- ասաց նա։

Դիվանագետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որ նրանք կրկին չեն աջակցել օկուպացված պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը, ինչպես նաեւ` վերջերս Իսրայելի կողմից մի շարք պաղեստինյան կազմակերպությունների ահաբեկչական ցուցակում ընդգրկելու համար։ «Մենք պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարում ենք ակնկալում, առաջին հերթին` բնակեցման գործունեության դադարեցման մասով»,- ասել է Մանսուրը:

Պաղեստինա-իսրայելական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ դռների հետեւում։ Արդյունքում խորհուրդը ոչ մի ընդհանուր հայտարարություն չի արել։ Առանձին փաստաթուղթ են պատրաստել Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Իռլանդիայի, Էստոնիայի, Նորվեգիայի եւ Ալբանիայի գործընկերների հետ նրանք կոչ են արել դադարեցնել իսրայելական նոր բնակավայրերի շինարարությունը։ Ավանդաբար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելը, ինչը շատ դեպքերում խոչընդոտում է միասնական դիրքորոշման ձեւավորմանը։

Երուսաղեմում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը պատմականորեն անկախ դիվանագիտական ​​առաքելություն է: Այն ըստ էության խաղում էր Պաղեստինում ամերիկյան դեսպանատան դերը։ Երուսաղեմում գլխավոր հյուպատոսն ուղղակիորեն զեկուցում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կենտրոնակայանին։ Այնուամենայնիվ, 2019 թվականի մարտի 4-ին Միացյալ Նահանգները միացրեցին Երուսաղեմում գլխավոր հյուպատոսությունն Իսրայելում իրենց դեսպանատան հետ՝ «մեկ դիվանագիտական ​​առաքելություն» ստեղծելով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը հանդես էր գալիս գլխավոր հյուպատոսության աշխատանքի վերսկսման օգտին։ Համապատասխան ծրագրերը, թեեւ` առանց կոնկրետ ժամկետների, բարձրաձայնում էին ԱՄՆ ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն պետության ղեկավարի պաշտոնում նրա երդմնակալությունից հետո։ Այս տարվա մայիսին Պաղեստին կատարած այցի ժամանակ նույնի մասին հայտարարում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Երուսաղեմի կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության առանցքային խնդիրներից մեկն է։ Իսրայելցիները քաղաքի արեւելյան հատվածը գրավել էին 1967 թվականի պատերազմի ժամանակ։ Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաքը դարձնել։