Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեհաստանի կողմից համատեղ սահմանի մոտ 10 հազար զինծառայողի տեղակայումը էական ռազմական գործողություն է, իսկ Մինսկը Վարշավայից ոչ ծանուցում է ստացել, ոչ դիտորդների հրավեր։
«Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության կարծիքով՝ 10 հազար լեհ զինծառայողի տեղակայումը լեհ-բելառուսական սահմանին, ինչպես հայտարարել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը 2021թ. հոկտեմբերի 25-ին, էական ռազմական գործողություն է»,- ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ «առանց բելառուսական կողմին տեղեկացնելու այս գործողությունն իրականացնելը վստահության եւ անվտանգության տարածաշրջանային միջոցների մասին երկկողմ լրացուցիչ պայմանավորվածությունների խախտում է»։ Նախարարությունում պարզաբանել են, որ նշված պայմանավորվածություններով նախատեսվում է ծանուցման եւ ռազմական գործունեության (որին մասնակցում են 6 հազար եւ ավելի զինծառայողներ) դիտորդների հրավերի ուղարկում։
«Մինչ ներկա պահը Մինսկը լեհական կողմից ոչ ծանուցում է ստացել, ոչ դիտորդների հրավեր»,- փաստել են մամուլի ծառայությունում։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «միշտ հավատարիմ է եղել բարիդրացիության սկզբունքներին եւ երկկողմ երկխոսության պահպանման կարեւորությանը՝ ցանկացած կոնֆլիկտային եւ վիճելի իրավիճակի լուծման համար»։ «Ի հաստատումն բարի մտադրությունների՝ լեհական կողմին առաջարկվել է երկկողմ հանդիպում անցկացնել երկու կողմում առաջացած մտահոգությունը քննարկելու համար։ Բայց մինչ այժմ մենք պատասխան չենք ստացել»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ բելառուսական կողմի այս դիրքորոշումը հասցվել է Լեհաստանին երկուշաբթի երեկոյան, Լեհաստանում Բելառուսի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսեյ Բորտնիկի եւ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչների վարշավյան հանդիպման ժամանակ։
Բելառուսում 2020թ. օգոստոսի 9-ին նախագահի ընտրություններից հետո, երբ վեցերորդ անգամ հաղթեց Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ԿԸՀ տվյալներով, հավաքել էր ձայների 80,1 տոկոսը, երկրում տեղի ունեցան ընդդիմության զանգվածային բողոքի ցույցեր։ Բելառուսի հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ ընտրություններից հետո կտրուկ վատացան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ փուլ առ փուլ պատժամիջոցներ մտցրին բելառուս պաշտոնյաների, ինչպես նաեւ ձեռնարկությունների հանդեպ՝ Մինսկին մեղադրելով ընտրություններում կատարված խախտումների եւ մարդու իրավունքների խախտումների մեջ։ Լուկաշենկոն բազմիցս Արեւմուտքին մեղադրել է հանրապետության իրավիճակին ուղղակի միջամտության մեջ, նշել է, որ անկարգություններն ուղղորդում է ԱՄՆ-ը, իսկ եվրոպացիները «ջուր են լցնում նրա ջրաղացին»։ Երկրների մեջ, որտեղից կոորդինացվում են բողոքի ցույցերը, նա նշել է Լեհաստանը, Չեխիան, Լիտվան եւ Ուկրաինան։



























