ՀՀ կառավարության շենքի մոտ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ առաջարկ հնչեց գնալ Ռուսաստանի դեսպանատան մոտ ու պահանջել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կատարեն իրենց պարտականությունները։
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չեն աշխատում ու չեն իրականացնում իրենց ստանձնած պարտավորությունները։ Եվ ես պահանջում եմ, որ այստեղ գտնվող բոլոր արցախցիները գնան Ռուսաստանի դեսպանատան առաջ, պահանջենք, որպեսզի եթե նրանք իրոք խաղաղապահ են, պահպանում են Արցախի բնակիչների խաղաղ կյանքը, ապա դա կատարեն այնպես, ինչպես պետք է»,-ասաց ակցիայի մասնակիցներից հադրութցի Իռա Թամրազյանը:
«Թե չէ այսպես չի լինի, շաբաթը մեկ անգամ մենք զոհեր ենք տալիս։ Ինչո՞ւ ռուսը կանգնած չի եղել այն խմրամատում, որտեղ մեր տղաները փոս էին փորում ու ջուր պետք է անցկացնեին։ Այսօր խաղաղապահներն այնտեղ ոչ մի աշխատանք չեն իրականացնում»,- ասաց նա։
Հադրութի բնակչի խոսքով՝ իրականում Ադրբեջանն այս պատերազմում չի հաղթել․ «Ես կարծում եմ՝ սա երկրորդ քայլն է, ուզում են հայաթափեն Արցախը, բայց դա չի լինի»։



























