Ղարաբաղից տեղահանվածներին պետք է տալ փախստականի կարգավիճակ, փախստականների բնակավայր հիմնել Երեւանի շուրջ, վարել նույն քաղաքականությունը, ինչը՝  Ադրբեջանը։ Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա անընդունելի է ժողովրդի համար։ Նա հավելեց, որ եթե նույնիսկ առաջնորդվում են այս փաստաթղթով, ապա դրա վեցերորդ պարբերությունը հստակ ասում է, որ ադրբեջանական զորքերը չպետք է այսօր Շուշիում լինեն։

«Իրականում Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է հայտարարությունը։ Մյուս պարբերությունները վերաբերում են փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձին: Ինչպե՞ս է կազմակերպվելու վերադարձը։ Սա գալիս է 1988 թվականից ի վեր վարվող քաղաքականությունից, երբ Ադրբեջանն իր 350 հազար փախստականներին աշխարհին ներկայացրեց որպես 1 միլիոն փախստական, իսկ ավելի քան 800 հազար փախստական՝ Հայաստան ժամանած Ադրբեջանից, կարգավիճակ չստացավ։ Նույն քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր։ Թշնամի երկիրը փախստականների համար բնակավայրեր է ստեղծել ։ Մենք պետք է նույնը անենք»,- ասաց Հարությունյանը։