Թաիլանդում վայրի փիղը հարձակվել է իրեն լուսանկարող լրագրողի վրա ու տրորել նրան։ Այս մասին հայտնում է Thaiger-ը։
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Չանտաբուրի նահանգում։ Տեղական KomChadLuek թերթի ֆոտոլրագրող 46-ամյա Պարինյա Կեսարաթիկուլը նկարահանել է Թաիլանդի ազգային պարկերի, վայրի բնության եւ բույսերի դեպարտամենտի անասնաբույժների աշխատանքը, որոնք օգնում էին ցեղակիցների հետ կռվի ժամանակ ծանր վիրավորված փղին:
Նրանք որոշել են վիրավոր փղին հակաբիոտիկ ներարկել։ Երբ դեպարտամենտի աշխատակիցներից մեկը դեղորայքով լի նետով կրակել է կենդանու վրա, փիղը խուճապի է մատնվել, հարձակվել է կողքին գտնվող թղթակցի վրա եւ ծանր վիրավորել նրան։ Կեսարաթիկուլին հասցրել են տեղափոխել հիվանդանոց, սակայն տղամարդն այնտեղ մահացել է։
Պարինյա Կեսարաթիկուլը 2018 թվականից ֆոտոռեպորտաժներ էր անում KomChadLuek-ի համար, ինչպես նաեւ որպես կամավոր օգնում էր տեղի փրկարարներին:





























