Թուրքիայում փաստաբանը քրեական բողոք է ներկայացրել ԱՄԷ-ի անվտանգության ծառայության ղեկավար Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսիի դեմ՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ, որը կկայանա ամսվա վերջին, գրում է MEM-ը։

ԱՄԷ-ն Ալ-Ռաիսիին առաջադրել է Ինտերպոլի նախագահի պաշտոնում, ինչը, ըստ փաստաբան Գյուլդեն Սոնմեզի, «ԱՄԷ-ի հեղինակությունը մաքրելու եւ մարդկության դեմ հանցագործությունների համակարգված մեղադրանքների պատճառով մարդու իրավունքների խախտումները կոծկելու» փորձ է:

Սոնմեզն ասում է, որ Ալ-Ռաիսին «մեղադրվում է բռնի անհետացումների, կամայական կալանավորումների, խոշտանգումների եւ սեռական ոտնձգությունների մեջ, որոնք կատարվել են նրա հսկողության ներքո եւ երբեմն էլ նրա մասնակցությամբ»:

Ալ-Ռաիսին համարվում է Ինտերպոլի այս պաշտոնի համար ֆավորիտներից մեկը։ Սակայն հոկտեմբերի սկզբին նա անախորժության մեջ է հայտնվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի դատախազություն ներկայացվեց 2018 եւ 2019 թվականներին ԱՄԷ-ում կալանավորված երկու տղամարդկանց ենթադրյալ խոշտանգումների համար նրա պատասխանատվության մասին հայտարարությունները: Սա առաջին բողոքը չէ, որը կարող է խանգարել Ալ-Ռաիսիին ստանձնել Ինտերպոլի ղեկավարությունը, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանի 35 անդամներից բաղկացած խումբը նամակ է գրել նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով նրան դեմ լինել Ալ-Ռաիսիի առաջադրմանը:

Ապրիլին, ինչպես հայտնում է Forbes-ը, Մեծ Բրիտանիայի դատախազության նախկին տնօրենը կոչ է արել Ինտերպոլի անդամներին մերժել Ալ-Ռաիսիի թեկնածությունը։