Ֆրանսիան նոր միջուկային ռեակտորներ կկառուցի՝ արտասահմանյան երկրներից էներգակիրների մատակարարման հարցում իր կախվածությունը նվազեցնելու, գլոբալ տաքացման նպատակներին հասնելու եւ գները հսկողության տակ պահելու համար: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Մակրոնն ասել է, որ նոր ռեակտորներ կառուցելու որոշումն անհրաժեշտ է «խելամիտ» գների պահպանման համար։ «Մենք պատրաստվում ենք տասնամյակների ընթացքում առաջին անգամ վերսկսել միջուկային ռեակտորների կառուցումը մեր երկրում եւ շարունակել զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները»,- ասել է Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Դա պետք է «երաշխավորի Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը, երաշխավորի մեր երկրի էլեկտրամատակարարումը եւ օգնի հասնել մեր նպատակներին, մասնավորապես` ածխածնի չեզոքությանը մինչեւ 2050 թվականը»:

Մինչ Եվրոպան պայքարում է էներգակիրների գների կտրուկ աճի դեմ, Ֆրանսիան հարեւաններից, ինչպիսին է Գերմանիան, տարբեր ճանապարհ է բռնում: Գերմանիան արձագանքեց 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած Ֆուկուսիմայի միջուկային աղետին՝ արագացնելով ռեակտորից հրաժարման իր ազգային սխեման:

Մակրոնը մանրամասներ չի հայտնել, սակայն սպասվում է, որ նրա կառավարությունն առաջիկա շաբաթներին կհայտարարի մինչեւ վեց նոր ռեակտորի կառուցման մասին։

.