Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նախազգուշացրել է, որ աշխարհը «քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն» է գլորվում եւ կոչ է արել աշխարհի 1000 ամենահարուստ մարդկանց, 1000 խոշոր մասնավոր կորպորացիաներին եւ 20 խոշորագույն տնտեսություններին բարելավել 750 միլիոն մարդկանց կյանքը, ովքեր այժմ ապրում են օրական 2 դոլարից պակաս գումարով, փոխանցում է AP-ն:

Օբրադորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ առաջարկը կարող է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար եկամուտ բերել, որը պետք է ուղղվի աշխարհի ամենաաղքատ մարդկանց՝ «առանց որեւէ միջնորդի՝ քարտի կամ անձնական էլեկտրոնային դրամապանակի միջոցով»:

Մեքսիկայի առաջնորդը խստորեն քննադատել է աշխարհի երկրներին բոլոր ձեւերով՝ քաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, հարկաբյուջետային եւ ֆինանսական, կոռուպցիայի դեմ չպայքարելու համար, ինչը նա «մոլորակի գլխավոր խնդիրն» է անվանել։

Որպես բացառման եւ անհավասարության օրինակ՝ նա մատնանշել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տարածումը, երբ դեղագործական ընկերությունները վաճառել են 94 տոկոսը եւ միայն 6 տոկոսն է ուղղվել ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրին՝ աղքատ երկրներին բաշխելու համար: «Համագործակցության ոգին իր տեղը զիջում է շահույթ ստանալու ցանկությանը, եւ դա մեզ քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն է տանում,- նախազգուշացրել է Լոպես Օբրադորը:- Մենք առաջ ենք գնում՝ օտարված, մոռանալով բարոյական սկզբունքները եւ երես թեքելով մարդկության ցավից»։