Չինաստանն արդեն աշխարհի ամենամեծ նավատորմն ունի, որտեղ մոտ 355 նավ կա, բայց երկիրն արագ հզորացնում է իր զինված ուժերը, որպեսզի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) մինչեւ 2049թ. վերածի «համաշխարհային դասի» զինված ուժերի։ Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում։
Չինաստանն իրականացնում էր իր զինված ուժերի արդիականացման եւ մարտական պատրաստության բարձրացման նպատակներ 2020թ. ընթացքում, ներառյալ հեռահար գերճշգրիտ հարվածներ հասցնելու եւ «էլ ավելի բարդ տիեզերական, հակատիեզերական եւ կիբեռնետիկ ուժեր մտցնելու կարողությունը»։
«ՉԺՀ-ն դառնում է ավելի կանխատեսելի իր հավակնություններում եւ մտադրություններում։ Պեկինը ջանում է փոխել միջազգային կարգը, որպեսզի ավելի լավ համապատասխանի իր ավտորիտար համակարգին եւ ազգային շահերին՝ որպես «չինական ազգի մեծ երիտասարդացման» ռազմավարության կենսականորեն կարեւոր բաղադրիչ»,- ասվում է հաշվետվությունում։ «Համաձայն այս աշխարհայացքի՝ ՉԺՀ համապարփակ ազգային հզորության ավելացումը, ներառյալ ռազմականը, անհրաժեշտ է Պեկինի կողմից իր նախապատվությունները գլոբալ մասշտաբով հաստատելու պայմանների ստեղծման համար»։
Հաշվետվությունում ասվում է, որ Սի Ցզինպինը ներկայացրել է մինչեւ 2035թ. ՉԺԱԲ-ի արդիականացման ավարտի եւ մինչեւ 2049թ. այն «համաշխարհային դասի» զինված ուժերի վերածելու պլանը։
Երկիրը սա անում է՝ միավորելով արտաքին քաղաքականությունը, տնտեսական հզորությունը, պաշտպանական եւ ռազմական ստրատեգիան, ինչպես նաեւ կառավարական եւ քաղաքական համակարգերը մեկ գլխավոր պլանում։
«ՉԺԱԲ-ը փորձում է արդիականացնել իր հնարավորությունները եւ բարելավել հմտությունները պատերազմի վարման բոլոր ոլորտներում, որպեսզի որպես համատեղ ուժ կարողանա իրականացնել ցամաքային, օդային եւ ծովային, ինչպես նաեւ տիեզերական, հակատիեզերական, ռադիոէլեկտրոնային եւ կիբեռգործողություններ»,- ասվում է Պենտագոնի հաշվետվությունում։
Նշվում է, որ Չինաստանը թվաքանակով ամենամեծ ռազմածովային նավատորմն ունի աշխարհում, որը մոտ 355 նավ եւ սուզանավ ունի։ «Առաջիկայում այն հնարավորություն կունենա հեռահար գերճշգրիտ հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին իր սուզանավերից՝ թեւավոր հրթիռների օգտագործմամբ, ինչը զգալիորեն կբարձրացնի ՉԺՀ գլոբալ հզորության պրոյեկտման հնարավորությունները։ ՉԺՀ-ն ավելացնում է հականավային պայքարի հնարավորությունները՝ բալիստիկ հրթիռներով ավիակիրների եւ սուզանավերի պաշտպանության համար»,- ասվում է հաշվետվությունում։
Ժողովրդա-ազատագրական բանակն ունի 975 000 ծառայող, որոնք ծառայություն են անցնում մարտական զորամասերում, եւ արագացրել է տեխնիկայի պատրաստման եւ օգտագործման տեմպերը, որոնք գերազանցում են վերջին տարիների տեմպը։
Չինաստանը նաեւ ընդլայնում է իր միջուկային պոտենցիալն ավելի արագ, քան կանխատեսվում էր նախկինում, եւ կարող է ավելացնել միջուկային մարտագլխիկների քանակը 700-ով հաջորդ վեց տարվա ընթացքում։
Համաձայն 192 էջանոց հաշվետվության, Պեկինի միջուկային պաշարների արագ ավելացումը, որը մինչեւ 2030թ. կարող է գերազանցել 1000 մարտալիցքը, հաշվարկված է այն նպատակով, որպեսզի համապատասխանի ԱՄՆ գլոբալ ռազմական հզորությանը եւ անգամ գերազանցի նրան։ Զեկույցում նշված չէ, թե որքան միջուկային զենք ունի Չինաստանը ներկայում, բայց Պենտագոնն ասել է, որ անցած տարի մոտ 200 միավոր էր։



























