«Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որն առաջացել էր ղարաբաղյան հակամարտությունում կրած պարտությունից հետո, ինչն ինքնին իսկական հաջողություն է»։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների մոնիթորինգի գծով զեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիան Օբերգի հայտարարությունում՝ արված 2021թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստան այցելության արդյունքների հիման վրա։ «Ճգնաժամը լուծվել է դեմոկրատական ձեւով կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով՝ չնայած խիստ բեւեռացված միջավայրին»,- ավելացրել են նրանք։
«Այդ բեւեռացումը, ցավոք, առկա է Ազգային ժողովում եւ չի նպաստում իսկական խորհրդարանական մշակույթի հաստատմանը, որտեղ մեծամասնությունը եւ ընդդիմությունը դիմակայում են միմյանց կառուցողական եւ հարգալից ձեւով՝ հավատարիմ մնալով հստակ որոշված եւ տարբեր քաղաքական կողմնորոշումների։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ հավասարակշռություններն ստեղծվում են, եւ որ գոյություն ունեն որոշակի զսպումներ եւ հակակշիռներ, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանը։
Մենք կարող ենք միայն հորդորել Հայաստանի իշխանություններին շարունակել ընթանալ այդ ճանապարհով եւ, անհրաժեշտության դեպքում, ապահովել մյուս ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովը, օրինակ՝ դրան սահմանադրական կարգավիճակ տալով։
Մենք հիանալի հասկանում ենք, որ հայ ազգաբնակչության եւ իշխանությունների վստահությունը դատական համակարգի հանդեպ ցածր է արդեն մի քանի տարի։ Հետեւաբար, եթե դատական համակարգի բարելավումն անհրաժեշտ է, այն պետք է իրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝ դատավորների պաշտոնում գտնվելու երաշխավորվածության սկզբունքի առումով, մի իրադրությունում, որտեղ պահպանվում է նրանց պաշտոնի արժանապատվությունը, եւ որտեղ նրանց բարեխղճությունը չի ենթարկվում հավաքական եւ հանրային կասկածի։
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակին, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները բախվում են ապատեղեկատվության աննախադեպ մակարդակի եւ թշնամանքի լեզվի ղարաբաղյան պատերազմի ժամանակներից։ Դա կարող է բացատրել նրանց պատրաստակամությունը՝ խստացնել կարծիքների արտահայտման ազատության շրջանակները՝ տուգանքների ավելացմամբ վիրավորանքի համար կամ «լուրջ վիրավորանքների» քրեականացմամբ, ինչպես նրանք արեցին մարտին եւ հուլիսին համապատասխանաբար։ Սակայն կան նաեւ այլ գործիքներ, բացի բացառիկ կանխիչ միջոցները, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մշակել համալիր միջնա- եւ երկարաժամկետ ռազմավարություն՝ ուղղված ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության, լրագրողների հեղհեղուկ կարգավիճակի հարցերին եւ ինքնակարգավորման մեխանիզմներին, քանի որ այդ հարցերը ուղղակիորեն կապված են ԶԼՄ-ների հատվածում թշնամանքի լեզվի տարածման հետ։
Մեր այցը Երասխ սահմանամերձ քաղաք մեզ հիշեցրեց, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի բացակայության պայմաններում պահպանվում է ոչ անվտանգ իրադրություն, եւ խաղաղ բնակիչները վճարում են դրա դիմաց։ Բայց բարդ պայմաններում Հայաստանը կարողացավ շարունակել շարժումը դեմոկրատիայի, օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության ուղիով, եւ դա արժանի է հավանության»,- եզրափակել են նրանք։



























