Պետական արարողակարգով պաշտոնյաները սովորաբար առավոտյան ժամերին են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, բայց ոչ լուսադեմին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսադեմին, միայնակ՝ միայն թեիկնապահների, լուսանկարչի ու օպերատորի հետ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն, իսկ լրագրողների մուտքն այդ ժամանակ արգելվել է:
Նա նշեց, երբ այս տարի հունվարի 28-ին «կապիտուլյանտը», ուժով հրելով զոհվածների ծնողներին, ազատամարտիկներին, մուտք գործեց «Եռաբլուր», ինքն էլ ոչնչից չի զարմանում։
«Մարդ, որ մեր ազգային ամոթի ու սգի վայրը վերածում է քաղաքական դիվիդենտներ շահելու տեղի, մարդ, որ վախենում է որդեկորույս մայրերից, ու ճիշտ է անում... զարմանալ նրա որևէ գործողության վրա, պետք չէ։ Ինքն իրավունք չունի ոտք դնել «Եռաբլուր»,- ասաց Մամիջանյանը։



























