Սոցցանցերի Tencent Holdings չինական հսկան ակնկալում է, որ Պեկինը թույլ կտա «մետատիեզերքի» վիրտուալ միջավայրի սերվիսներին գործել Չինաստանում` պայմանով, որ դրանք կհամապատասխանեն չինական օրենքներին, գրում է Reuters-ը:
Չինաստանի շուկայական արժեքի ամենամեծ ընկերությունը` Tencent-ը, իր առաջին հրապարակային մեկնաբանություններում ողջունել էր խաղային բիզնեսի հնարավորությունների ներուժը, սակայն խոստովանել էր, որ մետատիեզերքի չինական տարբերակը պետք է տարբերվի:
«Կան խաղերի մշակման, ինչպես նաեւ մետատիեզերքի հետ կապված բազմաթիվ տեխնոլոգիաներ,- ասում է Tencent-ի նախագահ Մարտին Լաուն:- Չինաստանի կառավարությունը կաջակցի նման տեխնոլոգիաների զարգացմանն այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերերի փորձն իսկապես մատուցվում է նորմատիվ դաշտին համապատասխան»: Նրա խոսքով` թեեւ Չինաստանի եւ աշխարհի համար, ամենայն հավանականությամբ, մետատիեզերքի հետ կապված տարբեր կանոններ կլինեն Չինաստանի եւ աշխարհի համար, «դա սկզբունքորեն չի խոչընդոտում մետատիեզերքի զարգացմանը»:
Լաուն ասել է, որ դեպի մետատիեզերքը տանող «բազմաթիվ ուղիներ» կան, օրինակ՝ ինտերակտիվ խաղերի կամ որպես «խաղադաշտ» ծառայող սոցիալական ցանցի միջոցով: «Մենք տեխնոլոգիայի եւ կարողությունների շատ կառուցողական բլոկներ ունենք, որոնք թույլ կտան մեզ մոտենալ մետատիեզերքի հնարավորությանը»,- ասել է նա:
Ներդրողներն ուսումնասիրում են վիրտուալ իրականության ձեւավորվող աշխարհի հեռանկարները այն պահից, երբ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ իր ընկերության ապագան կնվիրի մետատիեզերքի կառուցմանը: Microsoft-ը եւ Disney-ը եւս հայտարարել են, որ աշխատում են իրենց սեփական մետատիեզերքի ուղղությամբ:
Ըստ NewZoo-ի, Tencent-ը՝ առցանց խաղերի` եկամտով աշխարհի խոշորագույն ընկերությունը, ներկայումս առաջատարն է Չինաստանում վիրտուալ աշխարհների իր հայեցակարգով, որը նաեւ գրավել է այնպիսի մրցակիցների հետաքրքրությունը, ինչպիսիք են NetEase-ը եւ ByteDance-ը:
Tencent-ին պատկանում է Epic Games-ի 40 տոկոսը եւ այն համատեղ ձեռնարկություն ունի Roblox Corp-ի հետ, որոնք աշխատում են իրենց սեփական մետատիեզերքների վրա:
Ընկերությունը, որի բիզնեսը ներառում է նաեւ Չինաստանում գերիշխող սոցցանցերի եւ հաղորդագրությունների փոխանակման համար WeChat հավելվածը, եւ հավելվածների համար մետատիեզերքի հետ կապված ավելի քան 20 ապրանքանիշեր է գրանցել Չինաստանում եւ աշխատում է ավելի հետաքրքիր մուլտիպլիկացիոն խաղերի ստեղծման ուղղությամբ:



























